2013 թվականի նոյեմբերի 29-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանի հիշատակին նվիրված համերգը: Հուշ-համերգն իր խոսքով բացեց կոմպոզիտոր, Հայկական Երաժշտական Համաժողովի հիմնադիր Լևոն Չաուշյանը, ով խոսեց Ռուբեն Սարգսյան ՄԱՐԴՈՒ մասին: Սարգսյանը 1994 թվականից հանդիսացել է համաժողովի հիմնադիր անդամներից մեկը, մեծ սեր և հետաքրքրություն է ունեցել նորարարական տեխնոլոգիաների հանդեպ.առաջիններից է, ով տիրապետել է համակարգչային նոտագրմանը: Ռուբեն Սարգսյանի խոհափիլիսոփայական խառնվածքն իր անմիջական կնիքն է թողել նրա ողջ ստեղծագործական ուղու վրա:
Համերգը շարունակեց վարել երաժշտագետ Մարգարիտա Ռուխիկյանը, ով ուկնդիրներին ավելի մանրամասն ներկայացրեց կոմպոզիտորի ստեղծագործական ուղու առանձնահատկությունները: Հետաքրքիր էին մեջբերված կոմպոզիտորի խոսքերը. “…պետք է հավատարիմ մնալ սեփական ինքնությանը…”: Համերգի ընթացքում իրենց ակնածանքի խոսքով հանդես եկան նաև կոմպոզիտորի մյուս գործընկերները:
Համերգի երաժշտական մասը սկսվեց կոմպոզիտորի՝ ֆլեյտայի և դաշնամուրի համար գրված “Նարեկացի” պոեմով: Համերգի ընթացքում հնչեցին նաև հեղինակի տարբեր ժամանականերում գրված ստեղծագործությունները. կայացավ նաև մի քանի պրեմիերաներ:
English
Русский
