Նոյեմբերի 26-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանի մենահամերգը: Համերգն իր տեսակով օրիգինալ էր, քանի որ երեկոյի ընթացքում Սաթենիկը ներկաներին ներկայացրեց գործեր և փոխադրումներ տերմենվոքս կոչվող գործիքի համար: Այս գործիքը ստեղծվել է մոտ մեկ դար առաջ՝ Լև Տերմենի կողմից: Հայաստանում էլ առաջինը հենց Սաթենիկն է եղել, ով սկսել է զբաղվել ու հանրությանը ներկայացնել այս գործիքը: Ի դեպ, առաջին հայ հեղինակն էլ, ով գրել է գործ տերմենվոքսի համար, Մարտին Ուլիխանյանն է՝ Սաթենիկի ամուսինը: Հատկանշական է, որ տարածաշրջանում բացի Սաթենիկից, ոչ մի ներկայացուցիչ չի տիրապեում այս գործիքին.նա դեռ միակն է: Իր ամենամեծ ցանկությունն էլ այն է, որ հայ հեղինակները հաճախ անդրադառնան այս գործիքին, գրեն դրա համար ստեղծագործություններ, իսկ ինքն էլ հաճույքով կկատարի այնպես, ինչպես որ կատարեց նոյեմբերի 26-ին: Մոտ 2 տարի առաջ իր համար բացահայտված գործիքով Սաթենիկը ներկաներին հիանալի երաժշտական երեկո պարգևեց՝ հնչեցնելով փոխադրումներ ինչպես Նարեկացուց, Կոմիտասից, այնպես էլ մեր օրերի կոմպոզիտորներից Լուսինե Սարգսյանի, Վարդան Հարությունյանի ու Մարտին Ուլիխանյանի ստեղագործությունները: Մեզ հետ զրույցում Սաթենիկը նշեց, որ ինքը ևս գրել է գործ տերմենվոքսի համար.3 փոքրիկ էտյուդներ, սակայն այդ օրը ներկաներն այդպես էլ բախտ չունեցան ուկնդրելու: Ի դեպ, նշենք, որ նա ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը՝ Միխաիլ Կոկժաևի դասարանում: Նա նաև նվագում է դաշնամուր և երգեհոն, սակայն իրեն այս պահին ամբողջությամբ նվիրել է տերմենվոքսին: Սաթենիկի թվով երրորդ մենահամերգն ավարտվեց բուռն ծափահարություններով:
English
Русский
