ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Օգոստոսի 12-ին Դիլիջանի Էդ. Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը և Բեթհովենի անվան համերգասրահում տեղի ունեցավ «Երիտասարդ Դիլիջան-2026» խորագրով տոնական միջոցառումը՝ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» կարգախոսի ներքո։

Միջոցառման բացօթյա հատվածում համայնքում գործող կրթական և երիտասարդական կազմակերպությունները ներկայացրին իրենց գործունեությունը, ծրագրերն ու հնարավորությունները։ Այստեղ գործում էին «Ապիցիուս Հայաստան» միջազգային հյուրընկալության դպրոցի, «Արմենեկոոպ» կանանց սոցիալական ձեռնարկության հիմնադրամի, «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի, «Կանաչ» ուսուցման կենտրոնի և Հովհ. Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի տաղավարները։

Երիտասարդների համար կազմակերպվեցին նաև կերպարվեստի, կավագործության և ինժեներական ստեղծարարության վարպետաց դասեր, ներկայացվեցին Արցախից տեղահանված երիտասարդների և ազգային փոքրամասնությունների մշակութային նախաձեռնությունները։ Միջոցառման տրամադրությունն ամբողջացրեց DJ-ի երաժշտական ծրագիրը:

Օրվա շարունակությունը Բեթհովենի անվան համերգասրահում էր, որտեղ տեղի ունեցավ միջոցառման հանդիսավոր արարողությունը՝ հայտնի ջութակահար Կարեն Շահգալդյանի և նրա ուսանողների կատարումներով, այնուհետև «ReForm» խմբի ելույթով:

«Երիտասարդ Դիլիջան-2026»-ը դարձավ երիտասարդների հանդիպման, նոր գաղափարների, ստեղծագործելու և միմյանց հետ փորձով կիսվելու գեղեցիկ առիթ՝ օրը վերածելով ակտիվ ու բովանդակալից հանդիպման։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով