Ավարտվեց Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 12-18-ը Երևանում կայացած կոմպոզիտորական ստուգատեսի մրցութային փուլերին իրավունք էին ստացել մասնակցելու մինչև 18 տարեկան 15 պատանի կոմպոզիտոր:
Մայիսի 18-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած Գալա համերգի շրջանակներում հայտնի դարձան մրցույթի մրցանակակիրների անունները: Ժյուրիի որոշմամբ՝ Կրտսեր (մինչև 13 տարեկաններ) խմբում Հատուկ մրցանակի արժանացավ Հրաչյա Ղազարյանը (դաս.՝ Արփինե Կալինինա), երրորդ հորիզոնականը զբաղեցրեցին Ադրիանա Շահինյանը (դաս.՝ Գայանե Գրիգորյան) և Արայիկ Սարգսյանը (դաս.՝ Նելլի Մնացականյան), իսկ երկրորդ մրցանակի արժանացան Արթուր Գրիգորյանը (դաս.՝ Արփինե Կալինինա) և Մոնթե Միքայելյանը (դաս.՝ Նելլի Մնացականյանը): Ավագ խմբում (14-ից 18 տարեկաններ) երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Գրիգոր Խաչատուրյանը (դաս.՝ Արփինե Կալինինա), իսկ երիրորդ հորիզոնականը՝ Նորայր Նիկողոսյանը (դաս.՝ Աշոտ Ղազարյան): Ժյուրիի կայացրած որոշման համաձայն, Ավագ խմբում հաղթող ճանաչվեց երկու մասնակից՝ Վիկտորյա Ուլիխանյանը (դաս.՝ Միխայիլ Կոկժաև) և Գարիկ Հարությունյանը (դաս.՝ Աշոտ Ղազարյան):
Բոլոր մասնակիցները պարգևատրևվեցին պատվոգրերով, խրախուսական նվերներով, մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև անվանական գավաթներով, դրամական պարգևներով: Մրցույթի հաղթողների համար սահմանված էր նաև մեկ այլ մրցանակ. մինչև տարվա վերջ նրանց ստեղծագործությունների հիման վրա կբեմադրվեն խորեոգրաֆիկ պատկերներ: Ի դեպ, պատանեկան կոմպոզիտորական նախագծերի պատմության մեջ առաջին անգամ ներմուծվեց խորեոգրաֆիկ տարր. երեկոյի ընթացքում նախորդ տարվա մրցանակակիրներ Գագիկ Ավետիսյանի և Գարիկ Հարությունյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Մղձավանջ» խորեոգրաֆիկ պատկերը ներկայացվեց հանդիսատեսին «Կադանս» ստուդիայի (գեղ. ղեկ.՝ Ասատուր Քալաշյան) սաների և մենապարող Կարեն Խաչատրյանի կատարմամբ:
Առջևում Աշտարակում կայանալիք համերգն է, որին, մրցույթի կազմկոմիտեի որոշմամբ, իրավունք կունենան մասնակցելու մրցույթի բոլոր մասնակիցները:
Նշենք, որ Ժյուրիի կազմում էին ընդգրկված անվանի երաժիշներ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոև գործիչներ Ռուբեն Ասատրյանը, Էդուարդ Հայրապետյանը, Նարինե Զարիֆյանը, Աննա Ասատրյանը, ինչպես նաև մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:
English
Русский
