
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» հիմնադրամի և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 26-28-ը Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Լյուդվիգ վան Բեթհովենի անվան համերգասրահում կայացավ Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը՝ «Դիլիջանյան օրեր» խորագրով: 9-րդ անգամ անցացվող՝ հայ կոմպոզիտորական արվեստը ներկայացնող այս կարևոր ստուգատեսն այս տարի կրում էր մարզային բնույթը: Առաջին անգամ մարզում անցկացվեց ժամանակակից երաժշտության այնպիսի փառատոն, որը միավորեց Հայաստանի երեք հյուսիսային մարզերի երաժշտական կոլեկտիվներին՝ մեկ ընդհանուր հարկի տակ:
Փառատոնային առաջին օրը՝ սեպտեմբերի 26-ին, Վանաձորի կամերային նվագախումբը հրաշալի կատարեց ժամանակակից կոմպոզիտորներ Արմենուհի Կարապետյանի «Ծաղկած նշենի», Հայկուհի Հակոբյանի «Լեռան կանչը», Ժիրայր Շահրիմանյանի «Նվիրում հրեշտակիս», Էդմոնդ Մակարյանի «Անքնություն երազում», Նարինե Զարիֆյանի «Ճանապարհ», «Տերևաթափ» և Դավիթ Հալաջյանի «…Ներբող…» ստեղծագործությունները, ընդ որում, առաջին չորս հեղինակի ստեղծագործությունները կատարվում էին առաջին անգամ: Երեկոյի ընթացքում մաեստրո Ռուբեն Ասատրյանի ղեկավարած նվագախումբը հնչեցրեց նաև տարվա հոբելյարներ Ղազարոս Սարյանի «Գառնի» և Ալեքսանդր Հարությունյանի «Էքսպրոմնտ» ստեղծագործությունները:
— Երաժշտությունը պրոցեսուալ արվեստ է: Եթե գրված ստեղծագործությունը չի հնչում, կարող ենք ասել, որ չի գրվել այդ ստեղծագործությունը: Պետք է գոնե մեկ անգամ հնչի, դրա համար էլ չափազանց կարևոր են Հայաստանի կոմպոզիտորների միության այս նախաձեռնությունները, — նշում է ՀՀ արվեսի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:
Փառատոնային երկրորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, «հայ ժամանակակից երաժշտությունը» թեմայով վարպետության դաս-դասախոսություն անցկացվեց Դիլիջանի արվեստի և երաժշտական դպրոցների՝ նախապես գրանցված աշակերտների համար:
Նախագծի եզրափակիչ օրը բեմում էր Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը: Փառատոնի դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ առաջին անգամ հնչեցին Կարեն Անանյանի «Դլե յաման», «Երազ» և Արամ Սաթյանի «Հայի երկիր» ստեղծագործությունները: Ի դեպ, վերջին ստեղծագործության ժամանակ դաշնամուրի մոտ էր հեղինակը: Երեկոյի ընթացքում հնչեցին նաև Վարդ Մանուկյանի ռապսոդիա «Սասունցիներ», Խաչատուր Մարտիրոսյանի «Պոեմ», ինչպես նաև տարվա հոբելյարներ Գևորգ Արմենյանի Կոնցերտը՝ ֆլեյտայի և սիմֆոնիկ նվագախմբի համար և Ալեքսանդր Աճեմյանի «Տոնական նախերգանք» ստեղծագործությունները: Դե իսկ փառատոնը եզրափակցվեց տարվա մեկ այլ հոբելյարի՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի հանրահայտ «Սարդարապատ»-ի հնչյունների ներքո՝ «Դիլիջանի արվեստի պետական քոլեջ»-ի երգչախմբի մասնակցությամբ:
Արամ Սաթյանի խոսքով՝ 2014 թվականին հիմնադրված այս փառատոնը տարիների ընթացքում դարձել է հենասյուն հայկական նոր երաժշտական մտքի համար: «Միևնույն ժամանակ, կարևորելով մեր մեծերի թողած երաժշտական ժառանգությունը, մենք նորի կողքին մշտապես արժևորում և ներկայացնում ենք ժամանակի բովով անցած հրաշալի ստեղծագործությունները»:
Նշենք, որ փառատոնի ընթացքում, որպես մենակատար, հանդես եկան Վաչե Հովեյանը (ալտ), Ազատ Հարությունյանը (թավջութակ), Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր), Անի Ռուբենյանը (շվի), Նունե Դանիելյանը (քանոն), Լիդա Բաղրամյանը (ֆլեյտա), Մարիա Խանդանյանը (սոպրանո), Էդուարդ Մակարյանը (սաքսոֆոն):
Հավելենք, որ փառատոնի աջակից գործընկերն է «Green Rock» հիմնադրամը։
Ամբողջական ֆոտոշարքն այստեղ.
English
Русский
