ԿԱՅԱՑԱՎ ՀԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Հունիսի 24-ին կայացավ ՀԿՄ Վարչության հերթական նիստը:

Նիստին ներկա էին.

Արամ Սաթյանը
Ավետիս Բերբերյանը
Աշոտ Ղազարյանը
Նարինե Զարիֆյանը
Էդգար Գյանջումյանը
Լիլիթ Արտեմյանը
Արփինե Կալինինան
Աննա Արևշատյանը
Էդմոնդ Մակարյանը
Աննա Գարսոյանը
Լիլիթ Երնջակյանը
Ստեփան Բաբաթորոսյանը


Օրակարգային հարցերի շրջանակներում ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը ներկայացրեց ՀԿՄ՝ այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ներկայացրեց տեղեկատվություն կայացած նախագծերի, մասնավորապես՝ «Մեկ բեմում կոմպոզիտորի հետ», ինչպես նաև Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթի վերաբերյալ: Վերջինիս մասով ՀԿՄ նախագահը, ինչպես նաև Էդմոնդ Մակարյանը ներկայացրեցին, որ այս տարի այն բավական ընդլայնվել է, և բացի այն, որ մրցույթին մասնակցել ցանկացողների հայտերը գերազանցել են երկու տասնյակը, նաև կազմակերպվել են մարզային համերգներ Արարատի և Լոռու մարզերում, որոնք անցել են բարձր մակարդակով: Այս նախագծի շրջանակներում նախատեսվում է նաև պատանիների մասնակցություն՝ ՌԴ-ում կայանալիք միջազգային ֆորումի: Միության նախագահն իր հերթին կարևորելով «Մեկ բեմում կոմպոզիտորի հետ» նախագիծը, հույս հայտնեց, որ բացի երգերից, այս նախագծում կարելի է ընդգրկել նաև կամերային այլ ստեղծագործություններ, որոնք կներկայացվեն ինչպես Երևանի, այնպես էլ՝ մարզային ունկնդրին:

Տարին որդեգրելով որպես մարզային ուղղվածության, ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը ներկայացրեց սպասվող՝ Հայ ժամանակակից երաժշտության 9-րդ փառատոնը, որն առաջին անգամ կանցկացվի Երևանից դուրս՝ Դիլիջանում: Կընդգրկվեն մարզային երկու նվագախմբեր՝ Գյումրու սիմֆոնիկ և Վանաձորի կամերային, որոնք կներկայացնեն հայ երաժշտությունը Դիլիջանի Բեթհովենի անվան համերգասրահում: Որոշ տեխնիկական հարցերի կարգավորվելուց հետո կհայտարարվի նաև ստեղծագործությունների հավաքագորում: Փառատոնի հնարավոր անցկացման ժամկետներն են օգոստոս-սեպտեմբեր ամիսները:

Միության նախագահը ամփոփ ներկայացրեց նաև միության ֆինանսական դրությունը, մուտքերն ու ելքերը, հետագա անելիքները, ինչպես նաև ՀԿՄ համերգասրահի (կատարողների) համար նոր աթոռների (թվով 12) ձեռքբերումը: Մոտակա ժամանակներում կհամալրվեն նաև նոտակալները: Զուգահեռ ներկայացվեց նաև գործարկված նոր կայքը, որն արդեն հասանելի է եռալեզու տարբերակով՝ acu.am դոմենի տիրությում: Ընթացքում այն կտեղադրվի միության ավանդական՝ composers.am հասցեի վրա:

Նիստի կարևոր հարցերից էր նաև ՀԿՄ կանոնադրության նոր խմբագրության քննարկումը, որտեղ ներկաները նաև հայտնեցին իրենց կարծիքները: Ձեռք բերվեց պայմանավորվածություն երաժշտագետներ Աննա Արևշատյանի (հեռակա՝ Աննա Ասատրյանի) միջոցով կատարել ուղղագրական-խմբագրական աշխատանքներ եղած նոր տարբերակի վրա, որն էլ վերջնական լինելու դեպքում նախ՝ կներկայացվի Վարչության հաստատմանը, ապա՝ ՀԿՄ Ընդհանուր նիստին:

ՀԿՄ նախագահը կարևորելով սեկցիա/մասնաճյուղերի դերն ու նշանակությունը, այնուամենայնիվ, խնդրեց ներկաներին մտածել դրանց ֆունկցիոնալ գործառության առավել նորացման, վերաիմաստավորման մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով