Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը գործում է շուրջ 80 տարի : Միության առաջին նախագահը եղել է երաժշտագետ Մուշեղ Աղայանը /1935 թ./: Սակայն պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Միությունն իր գործունեությունը սկսել է դեռ 1932 թվականին: Սակայն այդ ժամանակ նախագահի փոխարեն եղել է պատասխանատու քարտուղար.այդ պաշտոնում նշանակվել է Սամսոն Գասպարյանը: Անդրադառնալով Մուշեղ Աղայանին, նշենք, որ Ղազարոս Աղային որդին ղեկավարել է Միությունը ոչ այդքան երկար, որին եկել է հաջորդելու Հարո Ստեփանյանը:
1948 թվականից Միության նախագահ է նշանակվել Աշոտ Սաթյանը, իսկ պատասխանատու քարտուղար ՝ Ալեքսանդր Թադևոսյանը:Աշոտ Սաթյանի օրոք 1950 թվականին Միության պատասխանատու քարտուղար է դարձել Էդվարդ Միրզոյանը:
1953 -1957 թթ. Միոսւթյան ղեկավար են եղել Գրիգոր Եղիազարյանը,ապա Ղազարոս Սարյանը, իսկ ահա 1957 թվականից սկսած, երբ նախագահը ոչ թե նշանակվել է , այլ ընտրվել, Միությունը սկսել է ղեկավարել Էդվարդ Միրզոյանը: Մեծանուն հայ կոմպոզիտորի օրոք ու մեծ ջանքերի շնորհիվ է , որ կառուցվում է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը, իսկ հայ կոմպոզիտորական դպրոցի բարի համբավն էլ ավելի հասանելի դառնում ոչ միայն Խորհրդային Կայսրության սահմաններում, այլ նաև նրա սահմաններից դուրս:
1991 թվականին Միության նախագահ է ընտրվում 55-ամյա Ռոբերտ Ամիրխանյանը, ով այդ պաշտոնում ղեկավարում է 22 տարի: 2013 թվականի հոկտեմբերին կայացած ընտրությունների ժամանակ էլ Միության Նախագահ է ընտրվում Արամ Սաթյանը:
Կոմպոզիտորների Միության նոր նախագահն իր առջև նպատակ է դրել ստեղծել ամուր ընտանիք՝ համալրված ավագ և երիտասարդ ստեղծագործողներով,ինչպես նաև արտերկրում ապրող հայազգի տաղանդավոր կոմպոզիտորներով: Շնորհիվ ստանձնած պարտականությունների հանդեպ մեծ պատասխանվածության և նվիրվածության, Արամ Սաթյանը վստահ է, որ գալիք տարիներին կվերականգնվի Միության, ու առհասարակ, հայ պրոֆեսիոնալ երաժշտության բարձր վարկանիշն աշխարհում: Իսկ այդ ամենում կարևոր է մեզանից յուրաքանչյուրի դերն ու ակտիվ գործունեությունը:
English
Русский
