ՉՈՒԽԱՋՅԱՆ

ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳԻ

Կոմպոզիտոր, դիրիժոր, մշակութայինհասարակական գործիչ, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր։

1837, Կոստանդնուպոլիս, — 23/03/1898, Իզմիր, Օսմանյան կայսրություն

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

15-16 տարեկանում պատանի Չուխաջյանը գրավեց երաժշտական հասարակության ուշադրությունն իր դաշնամուրային կատարումներով։ Հետագայում նրա երաժշտական ունակությունների զարգացմանն օժանդակեց կոմպոզիտոր Գ. Երանյանը։ Մասնագիտական երաժշտական կրթությունը սկսվեց իտալացի դաշնակահար Չ. Մանձոնիի ղեկավարությամբ, ում մոտ տարիներ շարունակ Չուխաջյանը սովորում էր դաշնամուր և երաժշտության տեսություններ։

1861-1864թթ. Չ. Մանձոնիի խորհրդով մեկնել է Միլան՝ սովորելու նպատակով:

1872թ. դարձել է հայկական երաժշտական թատրոնի հիմնադիր

1877թ. հիմնել է «Օտտոմանյան օպերայի թատրոնը», որն ավելի ուշ վերանվանվեց «Թուրքական օպերետի հայկական թատերախումբ»

Համագործակցել է «Գուսաներգական» թատրոնի հետ

Եղել է Հ. Վարդովյանի «Արևելյան թատրոնի» երաժշտական ղեկավարը

1891-1892թթ. գտնվել է Փարիզում, որտեղ բեմադրվել են նրա օպերետները (ֆրանսիական մամուլը նրան կոչել է «արևելյան Օֆենբախ»)

1896թ. հակահայկական բռնությունների ուժեղացման հետևանքով տեղափոխվել է Իզմիր։

Օպերետներ.

«Արիֆ» (1872թ., վերախմբագրված՝ 1873թ., ըստ Ն. Գոգոլի «Ռևիզոր»-ի)

«Արիֆ»-ը 1-ին օպերետն է Արևելքի պատմության մեջ (լիբրետոն՝ Գ. Ռշտունու (թուրքերեն լեզվով))։

1872թ. դեկտեմբերի 9-ին առաջին անգամ բեմադրվել է Վարդովյանի թատրոնում:

Պրեմիերայից հետո, թուրք անվանի բանաստեղծ և լրագրող Ն. Քեմալը «Ibret» թերթում գրել է․
Սա առաջին աշխատանքն է մեր օպերային լեզվով։ Այն գեղեցիկ է բեմադրված և նրա երաժշտությունը հիանալի է։ Կոմպոզիցիային տրվել է նրա լիրիկային համապատասխան ձև։ Մենք աջակցում ենք Գ. Ագոպի՝ օսմանյան թատրոնի հիմնադրին, օպերետի տեքստի ու երաժշտության հեղինակներ Ա. և Տ. Չուխաջյաններին իրենց ջանքերի համար և դերասաններին՝ բեմադրության մեջ ցուցաբերած իրենց վարպետության համար։

 

«Քյոսա քյոխվա» (1873թ.)

«Քյոսա քյոխվա» («Ճաղատ տանուտեր»), լիբրետոն՝ Գ. Ռշտունու

1873թ. բեմադրվել է Հ. Վարդովյանի թատրոնում։ Սկզբնական շրջանում բեմադրվել է ավելի քան 60 անգամ:

 

«Լեբլեբիջի» (1875թ.)

«Լեբլեբիջի»-ն («Ոլոռ վաճառողը») ամենաճանաչված օպերետն է (լիբրետոն՝ Թ. Նալյանի)։

Ստեղծագործությունը համադրում է կենցաղային կոմեդիայի գծերն ու 19-րդ դարի բուրժուա-արիստոկրատական հասարակության սոցիալական երգիծանքը։

1875թ. նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել պրեմիերան՝ «Français» թատրոնում: Կատարվել է թուրքերեն՝ պաշտոնական գրաքննությունը շրջանցելու նպատակով, չնայած օպերետի լիբրետոն թարգմանվել է հայերեն դեռևս Չուխաջյանի կենդանության օրոք։ 1-ին իսկ բեմադրությունից հետո օպերետը հսկայական հաջողություն է ունեցել: Կոստանդնուպոլսում և Անդրկովկասում բեմադրվել է ավելի քան 100 անգամ։

20-րդ դարի սկզբին օպերետը թարգմանվեց հունարեն և գերմաներեն։ «Լեբլեբիջին» ներկայացվել է Ֆրանսիայի, Եգիպտոսի, Բալկանների, Մերձավոր Արևելքի տարբեր բեմերի վրա՝ հասարակական ճանաչում բերելով հեղինակին։

1943թ. Տ. Սարյանն առաջին անգամ օպերետը բեմադրեց Հայաստանում։ Այդ ժամանակ էլ առաջարկվեց ստեղծագործության նոր անվանումը՝ «Կարինե»։

2011թ. օպերետը ներկայացվեց մարսելյան հանրահայտ «Օդեոն» թատրոնում։ Ըստ «Օքսֆորդի օպերային բառարանի»՝ Չուխաջյանի օպերետներում արտացոլվում են հայկական կենցաղն ու ժամանակի բարքերը։

 

Օպերաներ.

«Արշակ Բ» (1868թ.)

«Արշակ Բ»-ն առաջին հայ ազգային օպերան է (հայերեն և իտալերեն լիբրետոն՝ Թ. Թերզյանի)։

Գլխավոր կերպարներն են Մեծ Հայքի թագավոր Արշակ Բ-ն, Օլիմպիա թագուհին, Փառանձեմ իշխանուհին, իշխան Գնելը, Տիրիթը և ուրիշներ։ Հայոց պատմությունից վերցված սյուժեն հիմնված է հայ հին պատմիչներ Մ. Խորենացու և Փ. Բուզանդի տված տեղեկությունների հիման վրա։ Գործողությունները ծավալվում են Արմավիրում, 365-367 թթ.՝ Հայաստանի, Պարսկաստանի և Հռոմի միջև բարդ հարաբերությունների ժամանակաշրջանում։ Ժանրային առումով «Արշակ Բ»-ն պատկանում է եվրոպական «Մեծ օպերա» (Grand opera) դասին, որտեղ օգտագործվում են սիմֆոնիկ մեծ նվագախումբ, երգչախումբ, փողային անսամբլ, ծավալվում են մասսայական տեսարաններ:

1968թ. մարտի 10-ին բեմադվել է հատվածաբար՝ «Նաում» թատրոնում։

1869թ. Չուխաջյանը մտադիր էր օպերան ամբողջությամբ բեմադրել, սակայն, Օսմանյան կայսրության անբարենպաստ պայմանների և անհրաժեշտ նյութական ռեսուրսների բացակայության պատճառով, մտադրությունն իրականացնել չէր հաջողվել։ Հեղինակի կենդանության օրոք օպերայից առանձին հատվածներ համերգային կատարմամբ հնչել են Կոստանդնուպոլսում, Վենետիկում և Փարիզում։

1873թ. օպերայից հատվածներ ներկայացվել են Վիեննայի Միջազգային ցուցահանդեսում:

1920թ. Չուխաջյանի մահից հետո, նրա այրին՝ Ա. Աբազյանը, կոմպոզիտորի ձեռագրերն ուղարկել է Հայաստան:

1942թ. ձեռագրերը հայտնաբերվել են երաժշտագետ Գ. Տիգրանովի կողմից:

1945թ. նոյեմբերի 29-ին օպերան ամբողջությամբ ներկայացվել է լայն հասարակայնությանը:

1956թ. բեմադրվել է Մոսկվայի Մեծ թատրոնում:

2001թ. բեմադրվել է ԱՄՆ-ում:

Սան-Ֆրանցիսկոյի օպերայի երաժշտական ղեկավար, երաժշտագետ Ք. Կրաննը «Արշակ Բ»-ի մասին գրել է.
Իր անզուգական պալատական հեղաշրջումներով, սպանության փորձերով և սիրային հակամարտությամբ «Արշակ Բ» օպերան տալիս է այն ամենը, ինչ կարելի է սպասել իսկական դրամայից։

 

«Ինդիանա» (մոտ. տվյալներով՝ 1875թ.)

«Ինդիանա»-ն Չուխաջյանի առավել հայտնի օպերաներից է (լիբրետոն՝ Հ. Յազիչյանի, գրված Ա. Համիդի համանուն ստեղծագործության հիման վրա)։

Իր ժանրով «Ինդիանան» հայրենասիրական օպերա է: Օպերայի ձեռագրերը պահպանվում են Երևանի գրականության և արվեստի թանգարանում՝ Չուխաջյանի արխիվում։ Օպերան ուսումնասիրվել է նաև երաժշտագետներ Գ. Ստեփանյանի և Մ. Մուրադյանի կողմից։

 

«Զեմիրե» (1890թ.)

«Զեմիրե»-ն Չուխաջյանի վերջին լայնածավալ օպերան է (լիբրետոն՝ Տ. Քելիմջյանի)

Օպերան կազմված է 4 գործողությունից։ Սյուժեի հիմքում ընկած է արաբական հեքիաթը։ Նախնական անվանումն է՝ «Ebudia e Zemire»:

Օպերան ընդգրկում է կոմեդիայի տարրեր և դասվում է semiseria (կիսալուրջ) ժանրին։ «Զեմիրե»-ն ֆանտաստիկ սյուժեով սիրո հուզիչ պատմություն է, որտեղ ներկա են այնպիսի կերպարներ, ինչպիսիք են միստիկ արարածները և ամենազոր Մեծ հրաշագործը։ Գլխավոր գործող անձիք են՝ Զեմիրեն՝ Բենեզար ցեղի առաջնորդի դուստրը, Էբուդիան՝ Մեծ հրաշագործը, Էլսանթուրը՝ Էբուլգանա ցեղի առաջնորդի որդին և ուրիշներ։

1981թ. ապրիլի 12-ին առաջին անգամ ցուցադրվել է ֆրանսիական «Concordia» թատրոնում։

Մի քանի տարի անց, եվրոպական պրեմիերայի համար թարգմանվել է իտալերեն:

1894թ. ըստ որոշ տեղեկությունների բեմադրվել է իտալական թատերական ընկերության և Թոմասսո Ֆրանսինիի կողմից` «French Palais de Crystal Theater» թատրոնում։

1965թ. Բ. Սակկիլարին բեմադրել է օպերայի առանձին հատվածներ Երևանում:

2008թ. բեմադրվել է ԱՄՆ-ում:

 

Սիմֆոնիկ.

«Գավոտ» ջութակի, թավջութակի, դաշնամուրի և հարմոնիումի համար

«4 ֆուգա» լարային նվագախմբի և քառյակի համար

 

Թատերական երաժշտություն.

«Վարդ և Շուշան» ըստ Պ. Դուրյանի

«Արա Գեղեցիկ կամ սեր և հայրենիք» ըստ Տ. Գելեմչյանի

«Սանդուխտ» ըստ Թ. Թերզյանի

«Տրդատ Մեծ և Գրիգոր Լուսավորիչ» ըստ Ս. Թխլյանի

«Վարդան Մամիկոնյան՝ հայրենյաց փրկիչ» ըստ Ռ. Սեֆեջյանի

«Մենք հայ ազգի զավակներն ենք» ըստ Ե. Բարվարտի

 

Ռոմանսներ.

«Գարուն» (խոսք՝ Մ. Պեշիկթաշլյանի)

«Զեյթունցիների քայլերգ» (Ա. Խաչատրյանի կողմից առաջարկվել է որպես ՀԽՍՀ հիմնի տարբերակ)

 

Դաշնամուրային.

«Ավե Մարիա»

Տոկատ «Cascade de Couz» (հրատարակվել է Կոստանդնուպոլսում 1887թ.։)

«Անընդհատ շարժում»

«Խաբկանք (Վալս)»

«Apres La Gavotte»

«2 արևելյան ֆանտազիա»

«Արևելյան քնար»

«Լաուրա»

«Rapelle-toi»

«Ռոմանս»

Առյուծի և Արևի շքանշան

Սուրբ Ստանիսլավի շքանշան

Մեջիդիի 4-րդ աստիճանի շքանշան

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ